/Ashib.am/- Պարոն Խանդկարյան, հայտնի է, որ Գազպրոմբանկ ԲԲԸ հանդիսանում է Առէկսիմբանկ ՓԲԸ միակ բաժնետերը: Բնականաբար Գազպրոմբանկ ԲԲԸ և Առէկսիմբանկ ՓԲԸ հարաբերությունները սահմանափակված չեն միայն սեփականատեր-բանկ հարաբերություններով: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Առէկսիմբանկում Գազպրոմբանկի մասնակցությամբ: Արդյո՞ք Գազպրոմբանկի բանկային տեխնոլոգիաները, փորձը կիրառվում են Առէկսիմբանկում:
- Ինչպես արդեն նշեցիք, ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ՓԲԸ-ի միակ բաժնետերն է հանդիսանում ռուսական խոշորագույն բանկերից մեկը` ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն, ինչը բնականաբար չէր կարող չանդրադառնալ բանկի ռազմավարության և քաղաքականության վրա: Նշենք, որ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ ԲԲԸ խոշոր ֆինանսական խումբն իր “դուստր” բանկերը ստեղծում է այն երկրներում, որտեղ գործում է ռուսական ԳԱԶՊՐՈՄԸ, և չնայած բանկի ունիվերսալ լինելու հանգամանքին` բանկի հետագա զարգացման քաղաքականությունը ավելի շատ միտված է խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավմանն ու խոշոր տնտեսական ծրագրերի սպասարկմանը: Ինչ վերաբերվում է կոնկրետ ծրագրերին, ապա նշենք, որ ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ՓԲԸ-ն ունի ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ում բացված վարկային գծի օգտագործման մշտական հնարավորություն, ինչը ներկայիս ճգնաժամային իրավիճակում, ինչպես և ցանկացած ճգնաժամի ժամանակ, երբ տնտեսության թե ֆինանսական և թե իրական հատվածում հիմնական խնդիրը դա իրացվելի միջոցների պակասն է, բանկին ապահովում է անհրաժեշտ իրացվելիության պարբերաբար ներարկման մշտական հնարավորություն: Հարկ եմ համարում նշել, որ այսօր Հայաստանի բանկերը չունեն իրացվելիության խնդիրներ, սակայն ներկայումս, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսությունն առավել խոցելի է դառնում, և հետագա զարգացումները չեն բացառում տնտեսական փակուղու մեջ մտնելը, հենց իրացվելիություն ապահովելու կարողությունն է դառնում կայունության գրավական: Իսկ ինչ վերաբերվում է ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ի բանկային տեխնոլոգիաների և փորձի կիրառմանը ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ ՓԲԸ-ի կողմից, ապա նշենք, որ մենք միշտ ամեն ինչ արել ենք մեր հաճախոորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար, և այժմ էլ, փորձելով օգտվել ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ի պես խոշոր ֆինանսական հաստատության աջակցությունից, շարունակում ենք ներդնել բանկային նոր ծառայություններ և տեխնոլոգիաներ` էլ ավելի բարձրացնելու բանկի մրցունակությունը շուկայում, քանի որ ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ ֆինանսական խմբի մեջ մտնելն ինքնին պարտավորեցնում է ապահովել սպասարկման բավականին բարձր մակարդակ:
- Ինչպե՞ս է անդրադարնում Առէկսիմբանկի վրա ֆինանսական ճգնաժամը հաշվի առնելով ՌԴ-ում զարգացող ճգնաժամը և ռուսական խոշորագույն բանկի` Գազպրոմբանկի սեփականատեր լինելու գործոնը:
- Դեռևս ամիսներ առաջ թվում էր թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն չի ունենալու մեր տնտեսության վրա` պայմանավորված համաշխարհային տնտեսությանը ցածր ինտեգրվածության աստիճանով, բանկային համակարգի կողմից բարձր ռիսկային գործիքների (արժեթղթավորված ռիսկային ակտիվներում ներդրումներ և այլն) կիրառման ցածր մակարդակով և մի շարք այլ գործոններով, ինչպիսին է օրինակ ՀՀ ԿԲ վարած բավականին խիստ, ռիսկերի տեսանկյունից զսպող քաղաքականությունը, որոնք թերևս հնարավորություն տվեցին խուսափել ճգնաժամի առաջին ալիքից: Սակայն այսօր մակրոտնտեսական ցուցանիշները, անընդհատ արձանագրվող տնտեսական անկումը` պայմանավորված թե արդյունաբերության, թե շինարարության, թե գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում առկա պահանջարկի ընդհանուր կրճատման հետ, արդեն վկայում են, որ ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա բավականին բարձր է: Ինչ վերաբերվում է կոնկրետ ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿԻ վրա ճգնաժամի ազդեցությանը, ապա նշենք, որ չնայած որոշ ռիսկերի առկայությանը, բանկը ամեն կերպ փորձում է ճիշտ գնահատականներ տալ ներկայիս իրավիճակին և ճշգրիտ ռազմավարության, մենեջմենթի արհեստավարժության, բավականին առողջ վարկային պորտֆելի և ունեցած պոտենցիալի միջոցով հնարավորինս խուսափել ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքներից, և, ինչու ոչ, նաև հնարավորության դեպքում օգտվել դրանից, քանի որ ըստ ինձ, որքան էլ կառավարությունները կամ կենտրոնական բանկերը մշակեն և վարեն հակաճգնաժամային քաղաքականություններ, յուրաքանչյուր բիզնես պետք է ձեռնարկի ճգնաժամը հաղթահարելու սեփական քայլերը: Եվ չնայած Ռուսաստանի Դաշնությունում զարգացող ճգնաժամին, այստեղ օգնում է նաև ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ի սեփականատեր լինելու գործոնը` հաճախորդների կողմից բանկի նկատմամբ վստահության աճի բարձրացման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս ոչ միայն պահպանել ներգրավված միջոցները, այլև ապահովել դրանց աճի բավականին կայուն ցուցանիշներ :
- Ինչպե՞ս եք գհահատում ՀՀ բանկային համակարգի ներկայիս վիճակը: Որո՞նք են այսօրվա հիմնական ռիսկերը ՀՀ բանկերի համար և ինչպես եք գնահատում բանկերի պատրաստավծությունը այդ ռիսկերին դիմակայելու տեսակետից:
- Ինչպես արդեն նշվեց, այսօրվա ՀՀ բանկային համակարգը շատ թե քիչ զերծ է մնացել համաշխարհային ֆինանսական շուկաներում առկա ռիսկերից` հիմնականում պայմանավորված վերջինններիս ինտեգրվածության ցածր մակարդակի հետ, սակայն չմոռանանք, որ ներկայումս կապիտալիզացիայի բավականին բարձ մակարդակ ունեցող ՀՀ բանկային կապիտալի մեծ մասի աղբյուր են հանդիսացել նույն օտարերկրյա շուկաները, ուստի հայկական բանկերն այսօր առնչվում են բավականին կորելացված որոշ ռիսկերի հետ, որոնցից կցանկանայի առանձնացնել փոխարժեքային ռիսկը: Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին ՀՀ բանկերն իրենց ակտիվների մեծ մասը վերածել էին դրամի, իսկ ներկայումս պարտավորություններն արագորեն վերափոխում են արտարժույթի, ապա ակնհայտ կդառնա փոխարժեքային ռիսկի ազդեցությունը բանկային համակարգի վրա: ՀՀ բանկային համակարգում առկա են նաև վարկային, տոկոսադրույքի և հետևաբար նաև իրացվելիության խնդիրների առաջացման ռիսկեր: Առաջինը հիմնականում պայմանավորված է բանկերի հաճախորդների կողմից նման տնտեսական իրավիճակում վարկերի չվերադարձման հետ: Ինչ վերաբերվում է տոկոսադրույքի ռիսկին, ապա ակնհայտ է, որ Հայաստանի նման առևտրային հաշվեկշիռ ունեցող երկրներում, որտեղ ներմուծման ծավալները գերազանցում են արտահանման ծավալները, ֆինանսատնտեսական ճգնաժամի, ազգային արժույթի արժեզրկման արդյունքում տոկոսադրույքների աճը անխուսափելի է դառնում: Արդյունքում համակարգում աճող մրցակցությունը տոկոսադրույքների աճի պատճառ է դառնում` բարձրացնելով ավանդների տոկոսները և ընդհանրապես բանկերի համար թանկացնելով ներգրավվող միջոցները: Միաժամանակ վարկերի տոկոսների բարձրացումը ծանր բեռ է դառնում վարկառուների համար` որպես հետևանք բարձրացնելով վարկային ռիսկը, ինչը ինքնին բացասական երևույթ է: Եվս մեկ անգամ նշեմ, որ ՀՀ բանկային համակարգում առայժմ իրացվելիության մեծ ռիսկեր չեն նկատվում, սակայն մյուս ռիսկերի ոչ ճիշտ գնահատումն ու կառավարումը կարող է ռեալ պատճառ հադիսանալ իրացվելիության ռիսկի առաջացման: Այս ամենի հետ միասին ՀՀ բանկերի նախկինում կուտակած կապիտալիզացիայի բարձր մակարդակը, իրացվելիության բավականին պաշարները այսօր պոտենցիալ է, որը ճիշտ օգտագործելու դեպքում թույլ է տալիս հնարավորինս ՙանցավ՚ հաղթահարել առաջացած ռիսկերը:
- Տոկոսադրույքները աճում են: Եվ ավանդներինը և վարկերինը: Ձեր կարծիքով ի՞նչ միտում կունենան տոկոսադրույքները 2009թ.-ին: Արդյո՞ք այս տեսակետից անիմաստ մրցակցություն չի ծավալվել բանկերի միջև և արդյուքում չեն շահի ոչ բանկերը և ոչ էլ հաճախորդները:
- Իրոք, և ավանդների, և վարկերի տոկոսադրույքներն աճում են, և սա ուժեղացնում է մրցակցությունը բանկերի միջև: Մրցակցությունն ինքնին մեր կարծիքով ոչ թե բացասական, այլ դրական երևույթ է, եթե խոսքը գնում է առողջ մրցակցության մասին, այսինքն նորագույն տեխնոլոգիաների ներդրման, արդեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և համապատասխանեցման միջազգային ստանդարտներին և այլն, ինչն ինքնին ելնում է հաճախորդների շահերից, քանի որ չպետք է մոռանալ, որ ի վերջո նրանք են մեզ ընտրում, այլ ոչ թե հակառակը, և, որ յուրաքանչյուր ոլորտում առողջ մրցակցությունը ոչ այլ ինչ է, քան անընդհատ զգոն և մրցունակ մնալու նախապայման: Իսկ ինչ վերաբերվում է ներգրավվող և տեղաբաշխվող միջոցների տոկոսադրույքներին, ապա այստեղ, ինչպես արդեն նշվեց, տոկոսադրույքների և վարկային ռիսկերի մասին խոսելիս, կան գործոններ, ինչպիսիք են անհիմն բարձր տոկոսադրույքների դեպքում վարկառուների անվճարունակության ռիսկը, ինչը բերում է ոչնչով չհիմնավորված ու ուժեղացող մրցապայքարի, որն ուղեկցվում է տոկոսադրույքների անընդհատ աճով` ծանր բեռ դառնալով թե բիզնեսի, տնտեսվարող սուբյեկտների և թե բանկերի համար:
- Վերջին շրջանում բանկերի հաճախորդները գերադասում են իրենց միջոցները վերափոխել ԱՄՆ դոլարի: Այսինքն շուկայում առկա են դրամի արժեզրկման սպասումներ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս հարցում դեռ չկողմնորոշված քաղաքացիներին, ինչպե՞ս պահպանել առկա միջոցների արժեքը:
- Այսօր շուկայում ստեղծված իրավիճակն իրոք այդպիսին է, համակարգում առկա սպասումները կապված ՀՀ դրամի փոխարժեքի հետ շատ հակասական են, և խնայողությունները, որոնք բանկային համակարգի պարտավորությունների մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն, անընդհատ փոխանակվում են մի արժույթից մյուսը: Ինչ վերաբերվում է քաղաքացիների խնայողություններին, ապա կարծում եմ, որ ներկայումս` շուկայական իրավիճակի փոփոխությունների, անկայունության, արտարժույթի փոխարժեքների տատանումների պայմաններում, ճիշտ կլինի դիվերսիֆիկացնել ռիսկը, այսինքն պահել խնայողությունները ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով: Այսօր բոլոր բանկերն իրենց հաճախորդներին առաջարկում են փոխարկելի ավանդներ, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում փոխել ավանդի արժույթը` պահպանելով կուտակված տոկոսները և սա թերևս այսօրվա զարցումների պարագայում ավանդատուների համար արտարժութային ռիսկերից հնարավորինս ապահովագրվելու օպտիմալ լուծում եմ համարում:
- Որևէ զվարճալի մասնագիտական ֆինանսա-բանկային պատմություն կամ անեկդոտ պատմեիք Banker.am կայքի ընթերցողների համար:
- Ո՞ր տղամարդն է ավելի բավարարված` նա, որը ունի 6 մլն. դոլար, թե որն ունի 6 երեխա:
- Նա, որը ունի 6 երեխա:
- Ինչու՞:
- Որովհետև նրան ավելին պետք չէ:
Տիգրան Հովհաննիսյան






