/Hsbc.am/ Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC) Հայաստանի Պատանեկան Նվաճումներ (ՀՊՆ) կազմակերպության հետ համատեղ կազմակերպված Կարիերայի օրվաշրջանակներում հյուրընկալում էր 40 դպրոցականների` մարզերի անապահով ընտանիքներից: Կարիերայի օրվա նպատակն է ծանոթացնել երեխաներին Բանկի կառուցվածքին, ֆինանսական ծառայությունների մատուցման ու բանկային գործունեության սկզբունքներին:
Կարիերայի օրը Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի 14 աշխատակիցների կողմից Հայաստանի տարբեր մարզերի 16 դպրոցներում անցկացված դասընթացների շարունակությունն է: Դասընթացների ընթացքում Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կամավորները դասախոսություններով հանդես են եկել տնտեսագիտության և ֆինանսների ոլորտներին վերաբերող թեմաներով: Դասախոսություններին մասնակցած դպրոցականներից 40-ը ընտրվեցին` մասնակցելու Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գրասենյակում և Գործառնությունների կենտրոնում կազմակերպված Կարիերայի օրվան:
Միջոցառման նպատակն է բարձրացնել երեխաների իրազեկությունը ֆինանսական ծառայությունների և բանկային ոլորտի մասին` ոգեշնչելով նրանց առավելագույնս օգտագործել իրենց ներուժը և կրթության միջոցով ձգտել և հասնել հաջողակ կարիերայի: Հանդիպման ընթացքում երեխաները նաև իրենց հարցերն ուղղեցին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ղեկավարներին և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերին:
ՀՊՆ-ն Էյչ-Էս-Բի-Սի-ի Համաշխարհային Կրթական Հիմնադրամի Ֆյուչր Ֆրսթ ծրագրի 2007թ. հաղթողն է և ԱՄՆ 75,000 դոլար արժողությամբ եռամյա գրանտ է ստացել: Գրանտի օգնությամբ ՀՊՆ-ն Հայաստանի հեռավոր մարզերում դպրոցականների համար տնտեսագիտության, ձեռներեցության և ֆինանսական գրագիտության մի շարք կարևոր հիմնախնդիրների թեմաներով դասընթացներ է իրականացնում:





