Դոլարի դիրքերը կթուլանան

/Tert.am/Ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal-ը գրում է, որ չնայած երկրորդ եռամսյակի վերջի որոշ դրական դինամիկային՝ ընդհանուր առմամբ վերջին 12 ամիսներին շարունակվող դոլարի աճը կդադարի: Ամերիկյան արժույթի դինամիկայի երկարատև կանխատեսումը նույնպես բացասական է:

Մարտին սկսվեց համաշխարհային շուկաների կայունացումը, և ներդրողներն սկսեցին գումարներ ներդնել հումքային ապրանքներում ու բաժնետոմսերում: Միաժամանակ նավթի և մետաղների գների աճի հետ կապված՝ հումքի հետ ամուր կապ ունեցող արժույթներն սկսեցին արժևորվել:

Այժմ դոլարի դիրքերն ավելի շատ կախված են ոչ թե ֆոնդային շուկաների տատանումներից, այլև հաշվադրույքների տարբերություններից, և քանի որ հավանական է՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի սահմանած հաշվադրույքը տեսանելի ապագայում շարունակի մնալ ցածրագույն մակարդակի վրա, երկար ժամանակի կտրվածքով դոլարի համար դժվար կլինի մրցակցել այլ արժույթների հետ:

Դոլարի դիրքերը թուլացնող մեկ այլ գործոն է ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը, որի պատճառով ԱՄՆ-ը ստիպված է լինելու ավելի մեծ ծավալով արտասահմանյան ներդրումներ ներգրավել:

Համաշխարհային այլ պահուստային արժույթ ընտրելու BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրների ղեկավարների հայտարարությունը որևէ լուրջ ազդեցություն չունեցավ դոլարի փոխարժեքի վրա, քանի որ, ըստ The Wall Street Journal-ի, թրեյդերներն այդ նախաձեռնությունն ավելի շուտ համարեցին քաղաքական, քան տնտեսական:

Ամերիկյան բիզնես պարբերականը եզրակացնում է, թե հնարավոր է նաև, որ դոլարի հետագա արժեզրկում տեղի չունենա, եթե համաշխարհային տնտեսության՝ ճգնաժամից դուրս գալու նշանները կեղծ դուրս գան:

1 կարծիք to “Դոլարի դիրքերը կթուլանան”

  1. Gagik
    August 3rd, 2009 @ 01:23

    Ինչ վերաբերվում է դոլարի թուլանալուն դա շատ բնական է :Էժան արժույթի քաղաքականությունը այլ բան չի էլ ենթադրում,որը հայտարարել էր ԱՄՆ նախագահը:

Թողնել կարծիք