/Ameriabank.am/ Ամերիաբանկ ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն պ-ն Տիգրան Ջրբաշյանը, օրերս հանդիպելով մի շարք լրատվական միջոցների` այդ թվում նաև Banker.am պորտալի հետ, ներկայացրեց ՀՀ տնտեսական և բանկային համակարգի զարգացումները, ներկայացրեց բանկի ընթացիկ նկարագիրը և պատասխանեց հարցերին
Հայաստանի տնտեսական ցուցանիշները մտածելու տեղիք են տալիս: Մասնավորապես հունվար-մայիս ամիսների 15,7 տոկոս տնտեսական անկումը, որը իրականում պայմանավորված է շինարարության ոլորտի ծավալների նվազումով (այն կազմում է 56,1 տոկոս), վկայում է այն մասին, որ Հայաստանը գտնվում է ճգնաժամի հաղթահարման ճանապարհի առաջին փուլում, երկրորդը դեռևս առջևում է: Իսկ ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ որոշումները և ֆինանսական ներարկումներն առայժմ չեն հասնում իրական հատվածին, ինչի արդյունքում նվազում են և պետական բյուջեի եկամուտները, և ներդրումները: Ռուսաստանի տնտեսական իրավիճակի կայունացումը ակնհայտորեն կբերի տրանսֆերտների ծավալների անկման որոշակի նվազմանը` փոքր-ինչ թեթևացնելով իրավիճակը: Շատ կարևոր է, որ կառավարության կողմից մշակված միջոցառումները ժամանակին իրականանան, որի հետևանքով Հայաստանը կկարողանա քիչ կորուստներով դուրս գալ այս ճգնաժամից: Տնտեսա-արդյունաբերական ոլորտում ՀՆԱ-ի անկումը կազմում է 10,5 տոկոս, արտաքին առևտրի շրջանառությունը նվազել է մոտ 33, 7 տոկոսով: Իրականում մեզ մոտ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ հիմնական տնտեսական սուբյեկտները բախվում են տնտեսական խնդիրներին, որոնք կապված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի նվազման հետ: Երբ տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվությունը սկսում է նվազել, իմ կարծիքով պետությունը պետք է ներարկի համապատասխան ֆինանասական միջոցներ, որն էլ անում է: Սակայն խնդիրն այն է, որ դրանց իրականացումը բավականին մեծ ժամանակ է պահանջում, ինչի արդյունքում ճիշտ որոշումները որոշ դեպքերում իրագործվում են ուշացված: Իմ կարծիքով կառավարությունը ներկայումս կանգնած է դժվարին խնդրի առաջ` ապահովել հետճգնաժամային զարգացումը, այն էլ նվազագույնի հասցնելով ճգնաժամի հետևանքները: Շատ կարևոր է` ճգնաժամի ժամանակ արագ արձագանքման համակարգ ունենալ: Իմ կարծիքով մեր տնտեսությունում անհրաժեշտ է crisis-management էլեմենտների ներդրումը, որը հնարավորություն է տալիս ապահովել ընդունած ճիշտ որոշումների իրագործումը: Դա, բնականաբար, կանդրադառնա բանկային համակարգի վրա, քանի որ բանկը տնտեսության այն խոշոր համակարգն է, որի միջոցով շրջանառվում են միջոցները: Տնտեսական սուբյեկտների և բնակչության պահանջարկի ծավալի անկման պայմաններում ի հայտ են գալիս խնդիրներ` կապված իրենց կողմից բանկային համակարգի նկատմամբ պարտավորությունների կատարման հետ,: Հիմնականում բոլորի բիզնես-պլանները մշակվել են այն պայմաններում, երբ ճգնաժամ չկար, իսկ ներկայումս իրավիճակը փոխվել է` ի հայտ բերելով խնդիրներ: Սա առաջին խնդիրների խումբն է, որն առկա է բոլոր երկրներում: Դրանց արդյունքում բանկերը ստիպված են գտնել տարբեր լուծումներ, լրացնել համապատասխան ռեզերվներ: Հայաստանի բանկային համակարգում դասակարգված վարկերի ծավալը այնքան էլ մեծ չէ, սակայն, կարծում եմ, որ այն դեռ աճելու տեղ ունի: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կառավարության կողմից ներարկվող ռեսուրսները որքան արագ կհասնեն տնտեսական սուբյեկտներին և նրանք որքան արագ այդ միջոցների հաշվին կվերականգնեն իրենց տնտեսական ակտիվությունը: Մյուս խնդիրը, որը գոյանում է բանկային համակարգում, համապատասխան պայմաններում գրավների հետ առաջացող խնդիրներն են: Երբ տեղի է ունենում տնտեսական ակտիվության անկում, գրավ/վարկ հարաբերությունները, որոնք առկա են նաև միջազգային պորտֆելներում, բավականին նվազում են: Այստեղ մեծ ուշադրություն պետք է դարձնել ռիսկերի գնահատմանը, գրավային ապահովագրությանը, լիկվիդային արժեքներին և այլն:
Եթե կառավարությունը կարողանա ապահովել տնտեսության մեջ նախատեսված միջոցների ներարկումը, ապա կարծում եմ, որ բանկային համակարգը, ընդհանուր առմամբ, կկարողանա կայուն իրավիճակ ապահովել նաև երկրորդ կիսամյակում: Առաջին եռամսյակի ցուցանիշներով բանկային համակարգում վարկային պորտֆելի չաշխատող վարկերը միջին հաշվով կազմում էին 7,8 տոկոս: Եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա Ռուսաստանի, Ճապոնիայի, Ինդոնեզիայի փորձը ցույց է տալիս, որ խնդիրը սկսում է այն ժամանակ, երբ չաշխատող վարկերի միջին ցուցանիշը հասնում է 15-20 տոկոսի, որը ենթադրում է, որ մենք դեռ ունենք այդ արաշակի ՙանվտանգության բարձիկը՚: Ըստ իս, ճիշտ կլիներ նախապատրաստվել հնարավոր բացասական զարգացմանը: Ամեն ինչ պարզ կլինի երկրորդ եռամսյակի ցուցանիշներն ամփոփելուց հետո: Հայաստանի բանկերի ցուցանիշները տարբեր են` կան բանկեր, որոնք լուրջ խնդիրներ ունեն: ՙԱմերիաբանկ՚-ում, հունիսի 1-ի դրությամբ, վարկային պորտֆելում դասակարգված չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0,6 տոկոս (մեծամասամբ շնորհիվ մեր վարկային պորտֆելի 2008-ին ձևավորմանը), որը բանկային համակարգում գրեթե ամենափոքր ցուցանիշն է: Դա պայմանավորված է նաև նրանով, որ վարկային պորտֆելը բաղկացած է հիմնականում խոշոր վարկերից: Մենք սովորաբար աշխատում ենք կորպորատիվ հաճախորդների հետ, հետևաբար այդ վարկային ռիսկերի կառավարումը պահանջում է առավել մասնագիտական մոտեցում, բայց քիչ ռեսուրսներ: Ռիսկերի ճիշտ կառավարման համար բանկում ստեղծված են համապատասխան կառույցներ, քանի որ մեր ամբողջ ուղղվածությունը ռիսկերի բացահայտումն է: Վարկային քաղաքականություն իրականացնելիս բանկն այսօր շատ զգուշավոր է. մենք լուրջ ենք վերաբերվում պոտենցիալ վարկառուներին: Մոնիտորինգի և վերլուծության հիմքի վրա տարբեր վարկառուների կողմից ծախսվում են մեծ ռեսուրսներ իրենց քաղաքականության և բիզնես ծրագրերի իրականացման համար, որոնք, ենթադրվում է, որ պետք է փոփոխվեն: Բայց, հաշվի առնելով այն, որ վարկառուները խոշոր ձեռնարկություններ են, մենք, վերահսկելով ռիսկերը, կարողանում ենք նրանց հետ ստեղծել գործընկերային հարաբերություններ:
Երկրորդ եռամսյակում մենք բոլոր ցուցանիշների կտրուկ աճ ենք պլանավորում: Ֆիզիկական անձանց դեպոզիտների լուրջ աճ կա, որը պայմանավորված է “Ռոսգոստրախ”-ի հետ համատեղ իրականացված միջոցառումներով: Ի տարբետրություն բանկերի մեծ մասի, մենք ունենք ֆիզիկական անձանց դեպոզիտների երկնիշ տոկոսային աճ: Բանկը մասնակցում է բոլոր ծրագրերին, որոնք իրականացվում են կառավարության և միջազգային կառույցների կողմից:
- Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա Ռուսաստանի կողմից հատկացված 500 մլն դոլարի չափով վարկը:
- Կառավարությունը այսօր ներարկման խնդիր ունի: Կարծում եմ, որ ամեն ինչ կախված կլինի մեխանիզմների ճիշտ կիրառումից, որոնց միջոցով գումարները կհոսեն իրական սեկտոր: Փաստ է, որ որոշումները ճիշտ են կայացված: Հարցն այն է, թե արդյո՞ք մեխանիզմները պատրաստ են մարսել այդ ծավալները և միջոցների հոսք ապահովել ռեալ սեկտոր: Ճգնաժամային կառավարման իրավիճակներում որոշումները շատ հաճախ կայացվում են այլ կերպ, քան սովորաբար արվում է: Պետք է նշեմ, որ հնարավորություններ կան և բնակչությունը սպասումներ ունի:
- Տարվա սկզբին, մինչև մարտ ամիսը, դուք պլանավորում էիք տարին փակել խոշոր շահույթով: Ի՞նչ եք կարծում, շահույթ կլինի՞:
- Այսօրվա դրությամբ մենք ունենք բիզնես պլանի մի քանի տարբերակներ` պայմանավորված մակրոտնտեսական իրավիճակի զարգացումով: Պետք է նշեմ, որ եթե մակրոտնտեսական միջավայրը զարգանում է հոռետեսական սցենարով, ապա բանկն իր ցուցանիշներով առայժմ գտնվում է բազային սցենարում:
- Ի՞նչ է տեղի ունենում ընդհանուր բանկային համակարգում:
- Բոլոր բանկերում կլինի վարկային ռեսուրսների ժամկետի կտրուկ մեծացում: Այն, ինչ բանկերը աշխատում էին չանել ճգնաժամից առաջ, այժմ ստիպված են անել, որպեսզի սպասարկելու հնարավորություն ունենան:
- Ձեր կանխատեսումները բանկային համակարգի վերաբերյալ:
- Ես կարծում եմ, որ առանձնահատուկ ցնցումներ բանկային համակարգը չի ունենա: Ես քիչ հույս ունեմ, որ միջինում բանկային համակարգը կարող է ապահովել շահույթ:
Կարծում եմ, որ որոշ բանկեր ստիպված կլինեն բարձրացնել կապիտալի ծավալը:
- Ի՞նչն է պատճառը, որ անկում է սպասվում միայն Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում:
- Այնքան էլ Ձեզ հետ համաձայն չեմ: Այն, ինչ ասում են տարբեր երկրների քաղաքական գործիչները, ավելի շուտ կրում է PR-ի, քան իրական բնույթ: Իմ գնահատմամբ անկում կլինի ողջ ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի տարածքում: Ինչու՞ է Հայաստանում նման իրավիճակ: Առաջին հերթին, իմ կարծիքով, դա պայմանավորված է տնտեսության կառուցվածքի անհամաչափության հետ: Բնականաբար, երբ տնտեսական աճը սեկտորներից մեկը` շինարարությունը, ապահովվում է 40-50 տոկոսով, ապա ճգնաժի պայմաններում այդ հատվածի անկումն ուժեղ ազդեցություն կունենա ամբողջ տնտեսության վրա: Երկրորդը, կապված է Ռուսաստանից տնտեսական կախվածությունից: Երրորդը, պայմանավորված է երկրի աշխարհաքաղաքական իրավիճակով, տվյալ տարածաշրջանում ռիսկերի ավելացումով, բեռների անվտանգ տեղափոխումով: Հայաստանը, Արևելյան Եվրոպայի այլ երկրների համեմատ, ունի ՙանվտանգության բարձիկ՚, որը մենք օգտագործում ենք, դա ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի ցածր հարաբերակցությունն է, ինչի շնորհիվ էլ մենք հանդիսանում ենք լավ վարկառու և մեզ պատրաստ են հատկացնել վարկեր: Հուսով եմ` կառավարության գործողությունների շնորհիվ մենք կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները և դուրս գալ ճգնաժամից:





