Վարշավայի ֆոնդային բորսան ներկայացավ Հայաստանում

DSC_0015- /Araratbank.am/ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նախաձեռնությամբ Երեւանում կայացավ ՙԱրեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը՚ թեմայով կլոր սեղանը, որին մասնակցում էին ինչպես բանկի գործընկեր եւ հաճախորդ կազմակերպությունների, այնպես էլ հայաստանյան բանկերի, ներդրումային, արտահանող ընկերությունների եւ շահագրգիռ այլ հաստատությունների ղեկավարներ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հրավերով Երեւան ժամանած Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ Լյուդվիգ Սոբոլեւսկին հրավիրվածներին ներկայացրեց ՙՎարշավայի ֆոնդային բորսա` խոշոր առեւտրային հարթակ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում՚ շնորհանդեսը: Նշելով, որ հայաստանյան կազմակերպություններն ու ընկերությունները պարբերաբար ֆինանսական միջոցների կարիք են զգում եւ ավանդաբար այն ներգրավում են բանկային աղբյուրներից, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարեւորեց, որ այսուհետ Վարշավայի ֆոնդային բորսան առավել մատչելի կլինի հայկական ընկերությունների համար, քանի որ օրենսդրական առումով այն նույնպես մատչելի է եւ համատեղելի: Դիմելով ներկաներին, Աշոտ Օսիպյանը նշեց նաեւ, որ այս հանդիպումը նպատակ ունի առաջարկել միջոցների ներգրավման նոր տարբերակներ, մասնավորապես ընդգրկելով ֆոնդային բորսայի գործիքները` արժեթղթեր եւ բաժնետոմսեր, ինչպես նաեւ տալ հնարավորություններ մեր գործընկերներին եւ հաճախորդներին` իրականացնել այդ գործողությունները Վարշավայի ֆոնդային բորսայի միջոցով:

Վարշավայի ֆոնդային բորսան լայն հնարավորություններ կարող է ընձեռել հայկական ընկերություններին, ասաց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը: Իր հերթին Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ Լյուդվիգ Սոբոլեւսկին նշելով, որ Վարշավայի ֆոնդային բորսան շատ ակտիվ աշխատում է Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի շուկաների հետ եւ նախատեսում է ակտիվ գործակցություն նաեւ Հայաստանի հետ, տեղեկացրեց, որ այսօր Վարշավայի ֆոնդային բորսայում ցուցակված են մոտ 400 ընկերություններ եւ որ բորսան խնդիր ունի ներգրավել արտասահմանյան շատ կազմակերպությունների: Իր ղեկավարած կառույցի առավելություններից մեկը համարելով այն, որ Վարշավայի ֆոնդային բորսան չունի տարադրամով միջոցների ներգրավման եւ էմիսիայի սահմանափակումներ, չի առաջարկում հատուկ պահանջներ կապիտալի նկատմամբ, բավականաչափ դիվերսիֆիկացված է, չի պահանջում համապատասխան պրոսպեկտներ էմիսիայի համար, Լյուդվիգ Սոբոլեւսկին նշեց, որ հիշյալ առավելությունները կարող են օգտակար լինել հետագա համագործակցության համար:

Թողնել կարծիք