Հեռախոսային բանկային ծառայության գործարկմամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ (HSBC) Հայաստան ՓԲԸ-ն կատարում է առաջին քայլը բազմուղի բանկ դառնալու ուղղությամբ: Ավելի քան 6,000 հաճախորդներ արդեն գրանցվել են հեռախոսային բանկային ծառայության համար 2009թ. մարտից, երբ ծառայությունը առաջարկվել է առաջին անգամ:
Որպես Հայաստանի բանկային ոլորտի առաջատար` Էյչ-Էս-Բի-Սի բանկը (HSBC)շարունակաբար ներդրում է կատարում իր հաճախորդներին նորարարական լուծումներ և տեխնոլոգիաներ տրամադրելու համար: Հաճախորդներին առաջարկվող գործարքների շրջանակով Էյչ-Էս-Բի-Սի բանկի հեռախոսային բանկային ծառայությունն աննախադեպ է Հայաստանում: Հեռախոսային ծառայության միջոցով ֆիզիկական անձինք կարող են հարցումներ կատարել իրենց հաշիվների մնացորդի վերաբերյալ, կատարել վճարումներ, տարբեր արտարժույթներով գումար փոխանցել Հայաստանում և արտերկիր:
Ծառայությունն անվճար է և տրամադրվում է նոր բացված Հեռախոսային կենտրոնի միջոցով, որն աշխատում է ամեն օր ժամը 08:00 – 23:00 (աշխատանքային օրերին) և 11:00 – 20:00 (ոչ աշխատանքային օրերին): Հեռախոսային կենտրոնի աշխատակիցներն ընտրվել են բանկի մասնաճյուղերի ցանցից և անցել են մանրակրկիտ ուսուցում Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետների կողմից:
Բոլոր գործարքների անվտանգությունը երաշխավորվում է հաճախորդների վավերականացման և անվտանգության համապարփակ ընթացակարգերի շնորհիվ, որոնք մշակվել են հատուկ հեռախոսային բանկային ծառայության համար: Հաճախորդները կարող են վստահել բանկին իրենց ամենօրյա բանկային գործարքների արագ, ապահով և
հարմարավետ կատարումը` առանց մասնաճյուղ այցելելու:
Հեռախոսային բանկային ծառայությունը հուլիսին գործարկվելիք ինտերնետային ծառայության և տարվա ընթացքում ակնկալվող ինքնասպասարկման մեքենաների հետ միասին թույլ կտան Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) բանկին իր հաճախորդներին առաջարկել լիարժեք բանկային ծառայություններ` առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:






