/Tert.am/ Կասկադ ինվեստմենտս (Cascade Investments) ներդրումային ընկերությունը հրապարակել է հունիսին ֆինանսական շուկայի միտումների վերաբերյալ վերլուծականը:
«Դոլար/դրամ արժութային զույգը հունիսի ընթացքում փոքր-ինչ նվազման միտում էր դրսևորել և, ինչպես և կանխատեսել էինք, հաստատվել էր Դ365/$1 փոխարժեքի մոտակայքում: Դոլարի վաճառքի ծավալը NASDAQ OMX Armenia-ում այս ամիս կազմեց 62.8 մլն՝ Դ364.35 միջին փոխարժեքով:
Դրամի արժեզրկումից հետո ԿԲ-ն հայտարարեց, որ նոր փոխարժեքը տատանվելու է Դ360-380/1$ սահմաններում: Հունիսի 26-ին փոխարժեքը ընկավ մինչև Դ360, իսկ մի քանի օրից կրկին բարձրացավ:
Կարծում ենք, որ այս երևույթը կարող է բացատրվել երկու հնարավոր սցենարներով:
Առաջինի դեպքում ԿԲ-ն միջամտեց և թույլ չտվեց հետագա անկումը, իսկ երկրորդի դեպքում ներդրողները, ակնկալելով ԿԲ-ի միջամտությունը փոխարժեքի ներքին սահմանին հասնելուց հետո, սկսեցին դոլար գնել: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ դրամը կրկին դրական աճ կցուցաբերի դոլարի նկատմամբ, քանի որ ԿԲ-ն շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Այս հանգամանքը հնարավորություն է տալիս բանկերին լրացուցիչ եկամուտներ ստանալ՝ ԿԲ-ից համեմատաբար էժան վարկեր վերցնելու և դրանք նշանակալիորեն բարձր եկամտաբերություն ունեցող ֆինանսական գործիքների մեջ ներդնելու միջոցով:
Դրամի դիրքի ամրապնդմանն աջակցող մեկ այլ հանգամանք էլ կարելի է համարել արտաքին գնաճային ճնշումների թուլացումը, ինչի պարագայում գնաճը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա: Հիմնվելով այս դիտարկումների վրա՝ կարծում ենք, որ պահանջարկը դրամի նկատմամբ կաճի. այն կուժեղանա դոլարի նկատմամբ»,- նշված է հրապարակման մեջ:
Չնայած այն փաստին, որ միջազգային շուկաներում մի շարք ապրանքատեսակների գներ որոշակի աճ են ունեցել, արտաքին գնաճային ճնշումները, ըստ Կասկադ ինվեստմենտսի վերլուծաբանների, դեռևս թույլ են, և հավանականությունը, որ գնաճի մակարդակը կգերազանցի նպատակային մակարդակը, մնում է շատ ցածր:
«Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության թուլացումը կնպաստի վարկային շուկայի ծավալի աճին և կարագացնի տնտեսական աճի տեմպերը, ինչը շատ կարևոր է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ վերջերս հրապարակված վիճակագրական տվյալները բացահայտեցին, որ ՀՆԱ-ն կրճատվել է մոտ 16%-ով, և մեր տնտեսությունը խթանիչների կարիք ունի՝ արտասահմանից ստացվող տրանսֆերտների ծավալների անընդհատ նվազման պայմաններում»,- նշում են հրապարակման հեղինակները:
Կասկադ ինվեստմենտսը որոշ կանխատեսումներ է ներկայացրել նաև միջազգային ֆինանսական շուկաների զարգացումների վերաբերյալ:
«Կարծում ենք, որ եվրոն դոլարի նկատմամբ աճ կցուցաբերի»,- եզրակացրել են հայաստանյան ընկերության վերլուծաբանները:






