Այսօր Հայաստանյան շուկայում առևտրային բանկերի կողմից ներկայացվող ավանդատեսակները խիստ բազմազան են: Ժամկետային ավանդների շարքում առևտրային բանկերն այսօր ներկայացնում են մանկական ավանդատեսակը, որը նախատեսված է երեխաների ապագայի մասին մտածող և նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու նպատակով գումար կուտակող անձանց համար:
Հայաստանյան շուկայում գործող պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տվել, որ մանկական ավանդատեսակի տարեկան տոկոսադրույքը այսօր հայաստանյան շուկայում տատանվում է դրամային ավանդների դեպքում 6,5-10%-ի սահմաններում, դոլարային ավանդների դեպքում` 3-9,5%-ի սահմաններում, իսկ եվրոյով կատարված ավանդների դեպքում կարելի է ակնկալել տարեկան 3-9% շահույթ:
Դիտարկման են ենթարկվել ՊրոԿրեդիտ Բանկ (ProCredit Bank), Ինեկոբանկ (Inecobank), ԲՏԱ Բանկ (VTB), Ամերիաբանկ (Ameriabank) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ (ACBA) առևտրային բանկերի կողմից առաջարկվող պայմանները (տես` http://www.Banks.am): Վերլուծության արդյունքներն առավել պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ գրաֆիկի տեսքով`
Որպես ամփոփում հիշեցնենք, որ ՀՀ տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`
ա/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 2 /երկու/ միլիոն հայկական դրամ է
բ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամ է
գ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 2 /երկու/ միլիոն հայկական-դրամով
դ/ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 1 /մեկ/ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 1 /մեկ/ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան








September 22nd, 2009 @ 15:12
Es handisanum em PROCREDIT BANKI hachaxord ev shat goh em te spasarkumic te paymanneric