Ի գիտություն բոլորի` առևտրային բանկերը հնարավարություն են տալիս իրենց ավանդատուներին ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ հետ պահանջել ժամկետային ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն, բնականաբար, սահմանելով որոշակի տույժեր և տուգանքներ: Պատահականորեն ընտրված հինգ առևտրային բանկերի առաջարկած պայմանների վերլուծությունը ցույց է տալիս`
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ (ARARATBANK) /http://www.araratbank.am/ պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը հետ պահանջելու դեպքում հաշվարկում է տարեկան 0,1% տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են ավանդի գումարից:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ (ARMSWISSBANK) /http://www.armswissbank.am/ իրավունք է տալիս իր հաճախորդներին ժամկետից շուտ հետ պահանջել ժամկետային ավանդի գումարը` նմանատիպ բոլոր դեպքերի համար կատարելով վերահաշվարկ: Ավանդի դիմաց վճարվում է վերահաշվարկման համար պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը, իսկ փաստացի վճարված տոկոսագումարները գանձվում են ավանդի գումարից:
Կասկադ Բանկը (Cascade Bank) /http://www.cascadebanking.com/ ֆիզիկական անձանց առաջարկում է ՙԿասկադ՚ ավանդատեսակը, որը ներգրավվում է բացառապես ՀՀ դրամով, 365 օր տևողությամբ, տարեկան 15% տոկոսադրույքով: Միևնույն ժամանակ ավանդատուին առաջարկվում է ավանդի վաղաժամկետ ընդհատման դեպքերի համար նախատեսված տոկոսադրույքի վերահաշվարկման բավականին ճկուն սանդղակ: Ավանդը ներդնելուց 61-180, 181-240, 241-300 և 301-364 օր հետո ավանդի գումարը պահանջելու դեպքում համապատասխանորեն հաշվարկվում է 11, 12, 13 և 14 % տարեկան տոկոսադրույք:
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ (UniBank) /http://www.unibank.am/ հաճախորդի կողմից ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում ավանդի նկատմամբ հաշվարկում է ֆիզիկական անձանց դեպքում տարեկան 0,1%, իսկ իրավաբանական անձանց դեպքում` տարեկան 0,5% տոկոսադրույք, ինչպես նաև ավանդի գումարից գանձում է արդեն իսկ վճարված տոկոսադրույքները, եթե այդպիսիք առկա են:
ՎՏԲ (VTB)-Հայաստան բանկը /http://www.vtb.am/ ավանդատուի կողմից ավանդի գումարը ժամկետից շուտ հետ պահանջելու դեպքում կատարում է տոկոսների վերահաշվարկ: Տոկոսադրույքը հավասարեցվում է տվյալ պահին բանկում գործող ցպահանջ ավանդների համար սահմանված տարեկան տոկոսադրույքին, իսկ փաստացի վճարված տոկոսների հաշվանցը կատարվում է ավանդի գումարից, եթե այդպիսիք գոյություն ունեն:
Հեղինակ՝ Անուշ Պարսամյան






