Հարցազրույց Ամերիաբանկի (Ameriabank) կորպորատիվ հաճախորդների մենեջերների ծառայության ղեկավար Երեմ Շահբազյանի հետ

/AmeriaBank.am/ - Պրն Շահբազյան, Ամերիաբանկը նախապատվություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Դեռ 2007թ. օգոստոսին, երբ փոխվեց բանկի սեփականատերը և բաժնետոմսերի 99.7%-ը ձեռք բերեց Տրոյկա Դիալոգ ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերության հետ փոխկապակցված “Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ” ընկերությունը, փոխվեց բանկի ղեկավար անձնակազմը, ընտրվեց ռազմավարություն՝ ստեղծել ներդրումային ուղղվածությամբ կորպորատիվ հզոր բանկ:
Շեշտը դրվեց խոշոր և միջին կորպորատիվ հաճախորդների ներգրավման վրա: Բանկն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով արդիական լուծումներով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ:

Մենք արդեն ունենք բավական արագ աճող և ակտիվ հաճախորդների բազա: Ներկայում Հայաստանի 20 խոշոր հարկատուներից 9-ը մեր հաճախորդներն են, ևս 5-ի հետ ակտիվ աշխատում ենք՝ ներգրավելու համար:

- “Կորպորատիվ հաճախորդներ” ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Իրավաբանական անձ – հաճախորդներ, որոնք մեզ մոտ հաշվարկային հաշիվներ են բացում և օգտվում են կորպորատիվ բանկային ծառայությունների համալիր փաթեթից:

- Նախապատվություն տալով կորպորատիվ հաճախորդներին՝ չե՞ն անտեսվում ֆիզիկական անձանց շահերը:

- Չնայած բանկը նախապատվությունը տալիս է կորպորատիվ բանկային ծառայությունների իրականացմանը, սակայն մատուցում է նաև բանկային մանրածախ ծառայությունների ամբողջական փաթեթը իրավաբանական անձանց աշխատակիցներին, մասնակիցներին, բաժնետերերին, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց, որոնք համապատասխանում են բանկի կողմից ընտրված չափանիշներին: Այս առումով բանկի քաղաքականությունը որակյալ և անհատական ծառայություններ մատուցելն է յուրաքանչյուր հաճախորդի:
Համարելով հաճախորդների բավարարվածության աստիճանն իր գործունեության կարևորագույն գնահատականը՝ բանկը Հայաստանում առաջինը ներդրեց և այժմ հաջող կիրառում է հաճախորդների բավարարվածությունը գնահատող NPS համակարգը, որը մշտապես կատարելագործում է սպասարկման որակը:

- Իսկ ի՞նչ նոր գործիքներ եք առաջարկում կամ առաջարկելու ձեր հաճախորդներին:

- Նախ՝ թույլ տվեք ներկայացնել մեր հիմնական մոտեցումը հաճախորդներին սպասարկելիս. մենք հանդես չենք գալիս պարզապես բանկային ծառայությունների վաճառքով, մենք բացահայտում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և դրան համապատասխան առաջարկում նրա համար նախընտրելի բանկային ծառայությունը:

Ամերիաբանկն (Ameriabank) առաջինը Հայաստանում ներդրեց հաճախորդների մենեջերների ինստիտուտը, այսինքն՝ յուրաքանչյուր հաճախորդ հաշվի բացման պահից ունի իր անհատական մենեջերը, որը համակարգում է նրա բանկային բոլոր գործարքները, պատշաճ խորհրդատվություն է տրամադրում ամեն մի ծառայության վերաբերյալ, հաճախորդի ներկայացուցիչն է բանկում և կապող օղակ է հաճախորդի և բանկի այլ ստորաբաժանումների միջև:
Մենք ունենք նաև բավական մրցունակ և ճկուն սակագնային փաթեթ, և այն մեր հաճախորդներին առաջարկելիս նույնպես ցուցաբերում ենք անհատական մոտեցում: Իսկ մեր խոշոր, առավել ակտիվ և լոյալ հաճախորդներին տրամադրում ենք հատուկ սակագնային փաթեթ, որը երաշխավորում է սակագնային կայունություն երկարատև ժամանակահատվածի համար: Այն հաճախորդին թույլ է տալիս երկարատև պլանավորում իրականացնել՝ չվախենալով շուկայական ռիսկերից:

Մենք առաջատարներից ենք հայաստանյան շուկայում՝ “Բանկ-հաճախորդ” հեռակառավարման համակարգից օգտվողների մասով: Դրան նպաստել են այն հնարավորությունները, որ ընձեռվել են մեր հաճախորդներին, մասնավորապես համակարգից օգտվողներին տրամադրվող զեղչերի մասով:

Այսպես՝ բոլոր այն հաճախորդներին, որոնց աշխատավարձային նախագծերով գործող քարտերի թվաքանակը գերազանցում է 50-ը կամ եռամսյակի ընթացքում կատարած գործարքների քանակը գերազանցում է 200-ը, “Բանկ-հաճախորդ” համակարգը տվյալ եռամսյակի համար անվճար է:

Այս պահին ներդրման փուլում է ինտերնետ-բանկինգ համակարգը, որն ավելի կբարելավի բանկի հասանելիությունը հաճախորդներին: Ներդրման փուլում է գտնվում նաև Հայաստանի համար նորույթ հանդիսացող CRM (Customer Relationship Management, Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) ժամանակակից համակարգը, որը կապահովի հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման և համակարգման բոլորովին նոր մոտեցում, ծառայությունների մատուցման բոլոր բիզնես գործընթացների ավտոմատացում, կնպաստի հաճախորդների կարիքների առավել բացահայտմանը և բավարարմանը:

Այսօր մեծ պահանջարկ ունեն այնպիսի բանկային ծառայություններ, ինչպիսիք են լիզինգը, ֆակտորինգը, և մենք առաջարկում ենք բավական մրցունակ պայմաններ:

Կցանկանայի ընդգծել կորպորատիվ հաճախորդների հետաքրքրությունը ներդրումային կենսաթոշակային ծրագրերի նկատմամբ, որոնք մի շարք հնարավորություններ են ընձեռում հաճախորդին: Առաջին հերթին՝ դա հնարավորություն է տալիս գործատուին մոտիվացնել իր աշխատակիցներին, կառուցել նրանց հետ կանխատեսելի երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններ: Իսկ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռում պլանավորել և ապագայի համար ունենալ ոչ միայն խնայողություններ, այլև ստանալ լրացուցիչ եկամուտ:

Անշուշտ, յուրաքանչյուր մարդու համար իր միջոցների պահպանումը և ավելացումը կարևորագույն խնդիր է վաստակած հանգսի տարիքում բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

- Վերջին ամսվա ընթացքում շուկայում նկատվում է տոկոսադրույքների նվազում: Ինչպե՞ս է դա անդրադարձել ձեր կողմից ներգրավվող միջոցների դինամիկայի վրա և ինչպիսի՞ն է ներգրավվող միջոցների արժութային կառուցվածքը:

- Կորպորատիվ հաճախորդների ավանդները մեզ մոտ աճում են մեծ տեմպերով: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդների աճը տարեսկզբից կազմել է 187%՝ ութ ամսվա արդյունքներով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժամկետային ավանդներն աճել են 8 անգամ:

Համաձայնեք, որ սա զգալի աճ է, չնայած այն հանգամանքին, որ բանկի կողմից ավանդների 100%-ով ապահովագրման նախաձեռնությունը տարածվում է միայն ֆիզիկական անձանց ավանդների վրա: Ընդ որում՝ կիսամյակային ցուցանիշներով մենք իրավաբանական անձանցից ներգրաված ավանդների գումարով զբաղեցրել ենք բացահայտ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում:

Իհարկե, ավանդների նման աճը պայմանավորված է ներդրողների բարձր վստահությամբ՝ բանկի, նրա սեփականատիրոջ և ղեկավարության նկատմամբ: Դրան նպաստել են նաև բոլոր այն վերոնշյալ գործոնները, որի մասին հիշատակեցինք, այն հնարավորությունները, որ այսօր ընձեռում ենք հաճախորդներին՝ ժամկետային ավանդների բավական մրցունակ տոկոսադրույքներ և այնպիսի լայն տեսականի, որը լիովին բավարարում է ամենաքմահաճ հաճախորդի բոլոր պահանջները:

Բացի այդ՝ հաճախորդն իր անհատական մենեջերից խորհրդատվություն է ստանում, թե ինչպես ճիշտ ընտրել ավանդի տեսակը և ներդրվող գումարի ժամկետը: Մենեջերը մշտական կապի մեջ է իր հաճախորդի հետ, պարբերաբար զանգում է, հիշեցնում ժամկետների մասին:

Դրամի արժեզրկումից հետո ավանդների արժութային կառուցվածքը փոխվել է, հաճախորդների գերակշռող մասը խնայողություններն առավելապես պահում է արտարժույթով: Դրա հետևանքով բանկերում առաջացել է արտարժույթի ավելցուկ, որը դժվար է տեղաբաշխել, քանի որ նվազել է նաև պահանջարկն արտարժութային վարկերի նկատմամբ:

Ցպահանջ ավանդների մասով պատկերը քիչ այլ է: Իրավաբանական անձինք իրենց փոխհաշվարկներում հիմնականում օգտագործում են հայկական դրամը, ցանկացած տեսակի փոխարկումն այլ արժույթի և հետո, հակառակը կարող է բերել կորուստների և պարունակում է մեծ ռիսկ:

- Ինչպե՞ս է անդրադարձել ճգնաժամը բանկի գործունեության վրա:

- Ամերիաբանկը կարողացավ շատ ճկուն քաղաքականությամբ հանդես գալ ճգնաժամի պայմաններում, և այն ազդակները, որ բանկն արդեն ստացել էր մինչ ճգնաժամը “Տրոյկա Դիալոգ” ընկերության իր գործընկերներից, օգնեցին նախապես մշակել համապատասխան ռազմավարություն շուկայական տարբեր զարգացումների պայմաններում համապատասխան ձևով հանդես գալու համար, որի արդյունքում, չնայած ճգնաժամի զարգացմանը և խորացմանը, բանկը կարողացավ ապահովել կայուն աճի տեմպեր՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր ՀՀ բանկային համակարգում:

Այսպես՝ 1-ին կիսամյակի արդյունքներով բանկը ընդհանուր կապիտալով զբաղեցրել է 4-րդ տեղը՝ Դ20.8 մլրդ, կանոնադրական կապիտալով՝ 1-ին տեղը՝ Դ18.2 մլրդ, ակտիվներով՝ 5-րդ տեղը՝ Դ86.2 մլրդ, զուտ շահույթի ցուցանիշով՝ 3-րդ տեղը՝ Դ0.6 մլրդ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մասով 3-րդ տեղը՝ Դ60.4 մլրդ և այլն:

Մեր բանկը շատ արագ արձագանքեց ֆինանսական շուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին: Ճգնաժամը ֆինանսական շուկայում հանգեցրեց ազատ դրամական միջոցների սղության, և բանկը երբևէ չդադարեցրեց վարկերի տրամադրումը, նույնիսկ նվազեցրեց որոշ վարկատեսակների տոկոսադրույքները՝ դրանով իսկ աջակցելով ձեռնարկատիրական գործունեությանը և ԱՄՆ դոլարով ներկրվող ապրանքների գների հնարավոր բարձրացման զսպմանը:

Անկախ շուկայական իրավիճակի անցանկալի զարգացումներից՝ մեր բանկն ունի բավարար ֆինանսական միջոցներ, փորձառու և հեռատես թիմ՝ դիմակայելու տնտեսական ճգնաժամի անակնկալ դրսևորումներին:

Զրուցեց Սամվել Ավագյանը
www.cdaily.am

Թողնել կարծիք