/AEB.am/ Հայէկոնոմբանկի (AEB) և միջազգային մի շարք կառույցների միջև կնքված առևտրի խթանման ծրագրերի իրականացման պայմանագրերի շրջանակներում, բանկը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել ներմուծման և արտահանման ծրագրերի ֆինանսավորման բնագավառում` առաջարկելով նոր վարկային պրոդուկտ: “Առևտրի խթանման ծրագրի” շրջանակներում կնքված վերականգնվող վարկային պայմանագրի շրջանակներում, Հայէկոնոմբանկը սկսում է ՀՀ ընկերությունների արտահանման և ներմուծման գործարքների ուղղակի ֆինանսավորման (վարկավորման) իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս հայրենական ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, բանկ ներկայացնելով ներմուծման կամ արտահանման պայմանագիրը և հաշիվ-ապրանքագիրը, մատչելի տոկոսադրույքներով` տարեկան 10-12%, համապատասխան միջոցներ ստանալ գործարքի հետ կապված վճարումներն իրականացնելու համար:
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրի, Հայէկոնոմբանկը սկսում է վարկավորում “Տնտեսության կայունացման վարկավորման” ծրագրի շրջանակներում: Վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով, մինչև 5 տարի մարման ժամկետով, սկսած տարեկան 15% տոկոսադրույքից:
Վստահությունը Հայէկոնոմբանկի նկատմամբ շարունակում է աճել, ինչի մասին է վկայում 2009թ. երրորդ եռամսյակում բանկի մի շարք ցուցանիշների դրսևորած էական աճը: Մասնավորապես, աճել են`
• բանկի ակտիվները` մոտ 15.5 %-ով,
• վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով,
• ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով,
• իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով,
• ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:
Պայմանավորված վերոհիշյալ ցուցանիշների աճով, բանկի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավորվել է ավելի քան 300.0 մլն դրամի զուտ շահույթ:
Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի հաստատուն առաջատարներից է: 2009թ.-ի սեպտեմբերի 28-ի դրությամբ, Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.5 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 52 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 29.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 5.8 մլրդ դրամ: Բանկն ունի 34 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:





