Հայաստանի բանկերի միության հրապարակած վերլուծություններն այս տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ վկայում են, որ չնայած ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդները 7,5 տոկոսով ավելացել են` համախառն ավանդներն անցած տարեվերջի համեմատությամբ նվազել են 1,4 տոկոսով: Ընդ որում, նվազման առավել մեծ ցուցանիշ է արձանագրվել իրավաբանական անձանց վերաբերող հատվածում:
Անհերքելի իրողություն է, որ բանկերի հանդեպ բնակչության վստահության առաջին ցուցանիշը ավանդների տեսքով պահ տրվող գումարներն են: Սույն թվականի առաջին եռամսյակում, ի պատասխան ավանդների արտահոսքի, մի քանի առևտրային բանկեր բարձրացրին ներգրավվող միջոցների տարեկան տոկոսադրույքները` դրանք 7-8 տոկոսից հասցնելով 11-11,5 տոկոսի: Իսկ վարկային տոկոսադրույքների թանկացումն ավելի շատ հետևանք է և ուղղակիորեն փոխկապակցված է ավանդների թանկացման հետ:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային բանկային ոլորտում ընդունված ճշմարտությունը` որքան բարձր է բանկի վարկանիշը, այնքան ցածր են նրա մատուցած ծառայությունների տոկոսադրույքները: Ինչպես հիշում ենք` հետխորհրդային շրջանի շատ բանկեր, որոնք բնակչությունից 11-13 և ավելի տոկոսադրույքներով գումարներ էին հավաքում` շատ արագ դարձան հիշողություն:
2009 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ներգրավման գծով առավելագույն աճ ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC), որը կազմել է 9,8 մլրդ դրամ:
Իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային դեպոզիտների ծավալով առաջատար բանկը Արդշինինվեստբանկն (ASHIB) է 48,7 մլրդ դրամով: Այնուհետև նրան հաջորդում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Յունիբանկը (Unibank), Կոնվերս Բանկը (Converse Bank), ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ (Ameriabank): Եռամսյակային կտրվածքով վերոհիշյալ ցուցանիշի ներգրավման լավագույն արդյունքն ապահովել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, որը բացարձակ մեծությամբ կազմում է 11,7 մլրդ դրամ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.uba.am/ և http://www.sobesednik.am/ կայքերից:
Անուշ Պարսամյան






