Չնայած որ բազմիցս հնչել է այն կարծիքը, թե Հայաստանի բանկային համակարգը կայուն է և վստահելի`այնուամենայնիվ, գործադիրը ցանկանում է այդ կայունությունը «ապահովագրել»: Հասարակության շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև բանկերի իրացվելիության ավելացման համար կառավարությունն ու Կենտրոնական բանկը նոր քայլեր են ձեռնարկում։
Առաջարկվում է կրկնապատկել ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորվածության չափը: Այդ նպատակով լրացումներ են կատարվելու «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» և «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» օրենքներում: Առաջարկվում է երաշխավորված դրամական ավանդի չափը սահմանել 4 մլն դրամ ներկայիս 2 մլն դրամի փոխարեն։
Ապահովագրման կարգում ևս որոշ փոփոխություններ են նախատեսվում: Այսպես, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 2 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև 4 մլն դրամով:
Իսկ եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, սակայն դրամային ավանդի գումարը պակաս է 2 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ 2 մլն դրամի չափով։
Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը կլինի 2 մլն դրամ: Այսպիսով, երաշխավորման մեխանիզմի միջոցով կառավարությունը փորձում է խրախուսել քաղաքացիներին՝ խնայողությունները պահել ազգային արժույթով:
Համեմատություն կատարելու նպատակով ներկայացնում ենք բանկային ավանդների երաշխավորման չափերը մի շարք արտասահմանյան երկրներում մինչ ճգնաժամը և բանկային համակարգը ճգնաժամից դուրս բերելու նպատակով կիրառվող հակաճգնաժամային ծրագրերի իրականացումից հետո:
Ի դեպ, պետք է նշել, որ Ճգնաժամից հետո Ավստրիայում և Գերմանիայում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորումն անսահմանափակ է: ԱՄՆ-ում բանկային ավանդների երաշխավորումը 100`000-ից դարձավ 250`000 դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` 35`000-ից 50`000 ֆունտ ստեռլինգ:
Ինֆորմացիան հավաքագրված է http://www.uba.am/ և http://www.cdaily.am կայքերից:
Անուշ Պարսամյան






