/AEB.am/ Հայէկոնոմբանկի (AEB) և ՎԶԵԲ-ի միջև դեռևս 15.12.2005թ. կնքված “Համաֆինանսավորման” ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում, բանկը շարունակում է առևտրի և արտադրության բնագավառում տարբեր նախագծերի միջին և երկարաժամկետ ակտիվ ֆինանսավորումը: Հաշվի առնելով “Համաֆինանսավորման” ծրագրի շրջանակներում Հայէկոնոմբանկի ունեցած հաջողությունները, ինչպես նաև տվյալ պրոդուկտի նկատմամբ հայկական գործարար միջավայրի կողմից ցուցաբերված մեծ պահանջարկը, ս.թ. նոյեմբերի 3-ին Հայէկոնոմբանկի և ՎԶԵԲ-ի միջև “Համաֆինանսավորման” ծրագրի շրջանակներում կնքվեց նոր համաձայնագիր, որով մինչ այժմ գործող 5,000,000 ԱՄՆ դոլար միջոցներին ավելացվեց ևս 2,000,000 ԱՄՆ դոլար` ծրագրի ընդհանուր արժեքը հասցնելով 7,000,000 ԱՄՆ դոլարի: “Համաֆինանսավորման” ծրագրի շրջանակներում տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով 400,000 ԱՄՆ դոլարից մինչև 1,200,000 ԱՄՆ դոլար գումարների չափով վարկեր, սկսած 12% տարեկան տոկոսադրույքով:
Անդրադառնալով բանկի երրորդ եռամսյակի զարգացման միտումներին, պետք է գոհունակությամբ փաստենք, որ, չնայած համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման տեմպերի վրա ունեցած բացասական ազդեցությանը, հաճախորդների վստահությունը Հայէկոնոմբանկի նկատմամբ շարունակում է աճել, ինչի մասին է վկայում 2009թ. երրորդ եռամսյակում բանկի մի շարք ցուցանիշների դրսևորած էական աճը: Մասնավորապես, աճել են`
բանկի ակտիվները` մոտ 15.5 %-ով,
վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով,
ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով,
իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով,
ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:
Պայմանավորված վերոհիշյալ ցուցանիշների աճով, բանկի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում արդեն իսկ ձևավորվել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ:





