/Ameriabank.am/ Հարցազրույց Ամերիաբանկի (Ameriabank) ՏՏ և Ավտոմատացման վարչության ղեկվար` Բենիամին Թադևոսյանի հետ
1. Ձեր կարծիքով, քարտով անկանխիկ վճարումների զարգացումն ի̉նչ փուլում է հիմա:
Ցավոք սրտի, հիմա բանկերի կողմից թողարկվող քարտերի մեծ մասը Հայաստանում կազմում են այսպես կոչված “աշխատավարձային քարտերը”: Դրանք դեբետային են, և այդ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը առևտրի և սպասարկման ցանցում շատ չնչին տոկոս է կազմում: Բանն այն է, որ հաճախորդները բավականաչափ մոտիվացված չեն` գնումների դիմաց քարտերով վճարելու համար: Նրանք նախընտրում են կանխիկ գումարներն ստանալ բանկոմատներից, քանի որ այդ քարտերով, որպես կանոն, կանխիկացման դիմաց միջնորդավճար չի գանձվում:
Միևնույն ժամանակ բանկերը զարգացնում են քարտերին կապված շատ վարկային նախագծեր, իսկ մի քանի բանկ թողարկում է այնպիսի վարկային քարտեր, որոնք կարող են ազդել անկանխիկ գործառնությունների ծավալի աճի վրա: Վարկային քարտերի դեպքում սովորաբար նախատեսվում են կանխիկացման սահմանափակումներ և միջնորդավճարներ, այդ իսկ պատճառով հաճախորդները նախընտրում են խանութներում, ռեստորաններում և վաճառքի այլ կետերում օգտվել քարտերից:
Որոշ բանկեր անկանխիկ գործառնությունների խթանման նպատակով ակցիաներ են կազմակերպում քարտապանների համար, ներմուծում են բոնուսային ծրագրեր և այլն: Մեր բանկը նույնպես այդ հարցում ետ չի մնում: Մենք իրականացնում ենք զեղչային ծրագրեր, որոնք թույլ են տալիս մեր հաճախորդներին զեղչեր ստանալ առևտրի և սպասարկման ցանցում, օրինակ` բազմաթիվ խանութներում և ռեստորաններում, որոնց ցանկը շարունակ համալրվում է:
Հարկ է նշել, որ անկանխիկ վճարումների զարգացման գործընթացում էական դեր է խաղում քարտերի սպասարկման ենթակառուցվածքի ընդլայնումը: Ներկայումս բանկերի ուշադրությունը կենտրոնացած է մեծամասամբ Երևանի առևտրային ձեռնարկությունների սպասարկման վրա, սակայն աստիճանաբար ներգրավվում են նաև շրջանների ձեռնարկությունները: Հուսով եմ, որ մոտ ապագայում այդ գործընթացը կարագանա, քանի որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները: Պաշտոնապես հրապարակված շրջանառության հետագա աճն էլ ավելի կմեծացնի ձեռնարկությունների հետաքրքրությունն անկանխիկ գործարքների սպասարկման նկատմամբ:
2. Ինչպես ցույց է տալիս տարբեր երկրների փորձը, պլաստիկ քարտերի շուկան պետք է դինամիկ կերպով ներդնի նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ, այդ թվում` վճարումներ ինտերնետի միջոցով: Ինչպե̉ս եք Դուք գնահատում իրավիճակը տեղական շուկայում:
Հայաստանում այդ հատվածը դեռ կայացման փուլում է, այդ պատճառով էլ այս պահին դժվար է ինչ-որ գնահատական տալ այդ իրավիճակին: Ներկայումս ամենամեծ պահանջարկ ունեն ինտերնետի միջոցով կոմունալ ծառայությունների և կապի դիմաց վճարումները: Մեր բանկը մի քանի պրովայդերների և կազմակերպությունների համար ապահովում է ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ ինտերնետով, սակայն այսպիսի ընկերությունների թվի աճը բավականին դանդաղ տեմպերով է ընթանում:
3. Ինչպիսի̉ծառայություններ է առաջարկում Ամերիաբանկը պլաստիկ քարտերով , և ինչպիսի̉պլաններ ունի բանկն այդ բնագավառում: Ո̉րն է բանկի քարտային ծառայությունների մրցակցային առավելությունը:
Մեր բանկը սակավ բանկերից մեկն է, որոնք կարող են հաճախորդի ընտրությանն առաջարկել մի քանի վճարային համակարգերի քարտեր միաժամանակ: Մեր բանկը թողարկում է ԱրՔա, VISA և MasterCard քարտերը, ինչպես նաև տարածում է American Express քարտերը: Տվյալ պահին բանկը թողարկում է բոլոր հիմնական քարտային պրոդուկտները, իսկ հունվարի մեկից սկսած կմեկնարկի նաև VISA և MasterCard Platinum քարտերի թողարկումը:
Մեր բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մատուցվող ծառայությունների որակին` թե´ հաճախորդի կողմից հայտի ներկայացման պահին, թե´ սպասարկման ընթացքում:
Հարկ եմ համարում նշել մեր կողմից առաջարկվող Gold քարտերը, որոնք հաճախորդին տրամադրվում են գրքի տեսքով` յուրահատուկ փաթեթավորմամբ, որը բացի Gold քարտից պարունակում է նաև անվճար միջազգային IAPA զեղչային քարտեր, բժշկական ապահովագրություն արտերկիր մեկնողների համար և այլն:
Իմ կարծիքով, մեր բանկի մրցակցային առավելությունն է, առաջին հերթին, մատուցվող ծառայությունների որակը: Այդ մասին են վկայում ինչպես մեր բանկի կողմից թողարկված քարտերի քանակը, այնպես էլ դրանցով կատարված գործառնությունների ծավալը:
4. Ամերիաբանկը սակավաթիվ բանկերից մեկն է, որոնք ԱրՔա լոկալ քարտերի հետ մեկտեղ նաև թողարկում են միանգամից երկու միջազգային համակարգերի` MasterCard և Visa պլաստիկ քարտերը: Ինչքանո̉վ է բանկի կողմից ընտրված ուղին իրեն արդարացնում, մասնավորապես, քարտերի պահանջարկի և գործարքներից ստացվող եկամուտների գծով (պատասխանի մեջ, խնդրում եմ, նշե՛ք բանկի կողմից թողարկվող վարկային և դեբետային քարտերի, բանկոմատների և POS-տերմինալների ընդհանուր քանակը և դինամիկան): Ինչպիսի̉պլաններ ունի բանկը քարտային բիզնեսի զարգացման գծով: Նախատեսու̉մ եք արդյոք չիպային քարտերի թողարկումը:
Միանգամից երկու` MasterCard և VISA միջազգային վճարային համակարգերին մասնակցելն ինքն իրեն թանկ գործընթաց է: Բանկը գիտակցաբար է գնացել այդ ծախսերի` հաշվի առնելով բանկի քաղաքականությունը, այն է, լինել հաճախորդին ուղղված ֆինանսական հաստատություն: Անցյալ տարվա հուլիս ամսից բանկը VISA Int. լիարժեք անդամ է, քանի որ մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է հաճախորդին տրամադրել այս կամ այն վճարային համակարգի քարտ ընտրելու հնարավորությունը: Ներկայումս մեր կողմից մշակվում է նոր քարտային պրոդուկտ, որը հաճախորդներին հնարավորություն կընձեռի պատվիրել միանգամից մի քանի վճարային համակարգերի քարտեր` միևնույն հաշվին կցված: Բանկը նաև մշակում է նոր քարտային պրոդուկտ, որի շրջանակներում կթողարկվեն կանխավճարային նվեր քարտերը: 2010թ. սկսած մենք նախատեսում ենք ձեռնարկել չիպով քարտերի, այդ թվում` MC և VISA քարտերի թողարկումը:
5. Բանկը մտադի̉ր է արդյոք ստեղծել սեփական պրոցեսինգային կենտրոն` միասնական ինտերֆեյսից և ԱրՔա պրոցեսինգային համակրգից հեռանալու համար:
Արմենիան Քարդը (ArCa) պարզապես պրոցեսինգային ընկերություն չէ: Նախ և առաջ, ԱրՔան ստեղծվել էր որպես ազգային վճարային համակարգ, որտեղ մեր բանկն այլ բանկերի հետ մեկտեղ թողարկում և սպասարկում է ԱրՔա քարտերը:
Այսօր ԱրՔան բանկերին տրամադրում է նաև պրոցեսինգային ծառայություններ` միջազգային վճարային համակարգերին մասնակցությունն ապահովելու համար: Այն լիովին բավարարում է իրենց կողմից սահմանված նորմերին, ինչը թույլ է տալիս բանկերին բավականին արագ ինտեգրվել այդ վճարային համակարգերին: Կենտրոնացված մոտեցումը տարբեր քարտային համակարգերի պրոցեսինգի նկատմամբ ոչ միայն տնտեսապես արդարացված է, այլ նաև լուծում է մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումը բավականին աշխատատար կլիներ բանկերի համար: Այդ պատճառով այս փուլում մեր բանկը մտադրված չէ ստեղծել սեփական պրոցեսինգային կենտրոն:






