/Ameriabank.am/ Ամերիաբանկի (Ameriabank) զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի տված հարցազրույց “Կապիտալ” թերթին
- Պրն Ջրբաշյան, կարելի՞ է ասել, որ վարկային ճգնաժամը Հայաստանի ֆինանսական շուկայում ավարտվել է:
-Եթե “վարկային ճգնաժամ” ասելով նկատի ունենք բանկերի մոտ ֆինանսական ռեսուրսների առկայությունը, որը նրանք կարող են ուղղել վարկավորմանը, ապա՝ այո: Եթե նկատի ունենք առաջարկին համարժեք վճարունակ վարկային պահանջարկը, կարծում եմ՝ ոչ: Այսօր վերականգնվել է առաջարկի մասը՝ շնորհիվ և՛ ընթացիկ վարկային մարումների, և՛ կառավարության ու Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման ծրագրերի: Վարկի առաջարկ բանկային շուկայում առկա է, սակայն խնդիր է առաջացել պահանջարկի առումով, որովհետև համարժեք և հաշվարկելի ռիսկերով պահանջարկը համադրելի չէ առաջարկին:
- Որոշ բանկեր հայտարարում են չվերադարձվող և կասկածելի վարկերի տեսակարար կշիռների ավելացման մասին, որոնք որոշ դեպքերում հասնում են 10-15%-ի: Ձեզ մոտ ինչպե՞ս է իրավիճակը:
- Մեզ մոտ այդ ցուցանիշը 1%-ի շրջանակում է, գումարած-հանած 0.3%: Սա ունի մի քանի բացատրություն: Մեր բանկի վարկային ակտիվությունը համընկավ ֆինանսական ճգնաժամին, հետևաբար՝ մեր ռիսկերի գնահատականը և ռիսկերի կառավարման համակարգը շատ ավելի հարմարեցված էին ֆինանսական ճգնաժամին: Դրա շնորհիվ մեր վարկային պորտֆելը ձևավորեցինք համարժեք այն սպասումներին, որ առաջ եկան ճգնաժամի պայմաններում:
Միաժամանակ պետք է նշել, որ մեր վարկային պորտֆելի գերակշիռ մասը աշխատող վարկեր են, այսինքն՝ սահմանված ժամկետներում կատարվում են վարկերի և տոկոսների մարումներ:
Երկրորդ՝ ինստիտուցիոնալ առումով ամենաազդեցիկն այն էր, որ ի սկզբանե շատ մեծ տեղ տվեցինք ռիսկերի կառավարման համակարգին՝ ստեղծեցինք ռիսկերի կառավարման կենտրոն, հրավիրեցինք համապատասխան մասնագետների, մշակեցինք մոնիտորինգի գործընթացները:
Մենք ստեղծեցինք համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում, չնայած սկզբնական շրջանում վարկային շուկայում դեռ մեծ տեսակարար կշիռ չունեինք: Այսինքն՝ մենք սպասում էինք ճգնաժամին և կարողացանք շուկային համարժեք պատասխան տալ ռիսկերի կառավարման տեսակետից:
Այսօր բանկ այցելող փորձագետները նշում են, որ Ամերիաբանկի ռիսկերի կառավարման համակարգը լավագույնն է տարածաշրջանում: Դա է պատճառը, որ մեր պորտֆելում աննախադեպ քիչ խնդրահարույց վարկեր ունենք:
- Կենտրոնական բանկը որոշ նորմատիվային խստացումներ է կատարել՝ արտարժույթի նորմատիվ է սահմանվել, և սահմանափակվել է մեկ հաճախորդի նկատմամբ պարտավորությունների առավելագույն չափը: Այդ խստացումներն ի՞նչ ազդեցություն ունեցան բանկային համակարգի վրա:
- Երկրորդը դեռ նախագիծ է: Արտարժույթի մասով իհարկե շուկայում խնդիր էր առաջացել: Տեսակետ կա, որ արտարժույթի շուկայում հիմնական դերակատարները բանկերն են, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ, քանի որ հիմնական պահանջ ներկայացնողը գործարարներն են: Պետք է հաշվի առնել, որ մարտյան դեպքերը չէին կարող չազդել շուկայի վրա:
Ազգային արժույթի նկատմամբ տարիներով ձևավորված վստահությունը նվազեց, գործարարների մոտ այսօր շատ ավելի քիչ ցանկություն կա ազատ միջոցները պահել ազգային արժույթով: Վստահությունը շատ երկար ժամանակահատվածում է ձևավորվում, բայց շատ հեշտ փլուզվում է: Բավական ժամանակ և միջոցներ կպահանջվեն այդ վստահությունը վերականգնելու համար:
Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկն ունի այդ կամքը՝ ազգային արժույթի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Մինչև դա չարվի, գործարարների համար արտարժութային վարքագիծը կանխատեսելի չդառնա, չեմ կարծում, որ նորմատիվային մեթոդով հնարավոր կլինի վերադառնալ այն իրավիճակին, որ կար ճգնաժամից առաջ:
Փորձը նույնպես ցույց տվեց, որ նորմատիվի ներդրումը շուկայում կտրուկ փոփոխություններ չբերեց, ու դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ բանկերը ավելի շատ գործարարների պատվերն են իրականացնում, քան սեփական միջոցներն են ուղղում արտարժութային շուկա:
Նորմատիվը ԿԲ-ի կողմից ավելի շուտ ազդակ էր այն մասին, որ իրենք պատրաստ են վերականգնել կայունությունն արտարժութային շուկայում և թույլ չեն տալու կտրուկ տատանումներ: Գործընթացը շատ ավելի հոգեբանական է, քան գործառութային:
- Իսկ մյուս նորմատիվը կարելի՞ է ռադիկալ համարել:
- Այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է՝ գերկենտրոնացված տնտեսության պայմաններում պահպանել բանկային համակարգի կայունությունը: Հաշվի առնելով բանկային համակարգի փոքր ծավալները՝ խոշոր հաճախորդների ազդեցությունը կարող է շատ մեծ լինել: Այսինքն՝ բանկային համակարգի մեծությունը համարժեք չէ տնտեսության չափերին: Հետևաբար՝ տնտեսության խոշոր ներկայացուցիչներն իրենց ֆինանսական հոսքերով կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, քան դա բնորոշ է այլ երկրների, որտեղ բանկային համակարգի մեծությունը համարժեք է տնտեսությանը: Սա առաջին խնդիրն է:
Երկրորդն այն է, որ կան բանկեր, որոնք ուղղակիորեն կապված են մեկ կամ մի քանի խոշոր հաճախորդների հետ և որոշ կախվածություն ունեն: Այսինքն՝ նրանց գործառույթն ավելի շուտ բնորոշ է «կախյալ կարգավիճակով» բանկին, քան շուկայական բանկին:
Մեր բանկի մասով ասեմ, որ կարողացել ենք ձևավորել կորպորատիվ հաճախորդների և ֆիզիկական անձանց մեծ բազա, որը թույլ է տալիս նորմալ վերաբերվել նշված սահմանափակմանը, բացի այդ՝ մենք իրականացրել ենք ստրես թեստեր, որոնք ցույց են տվել, որ Ամերիաբանկն այս նորմատիվի մասով չեզոք դիրքում է:
- Հիմա նախատոնական առևտրի շրջան է, որը համընկնում է տնտեսական պիկին: Ըստ ձեզ՝ բանկային համակարգն ի զորո՞ւ է սպասարկել տնտեսական ակտիվության աճը:
- Արդեն սպասարկել է: Տնտեսավարող սուբյեկտների տեսակետից պիկն արդեն անցել է, որովհետև այն, ինչ պետք է ձեռք բերեին նախատոնական առևտրի համար, արդեն ձեռք են բերել: Բանկերի ներկա իրացվելիության մակարդակը թույլ է տալիս սպասարկել տնտեսական ակտիվության ավելի մեծ աճ:
Հիմնական դժվարությունն ուրիշ է՝ ճգնաժամի պայմաններում գնահատել վարկառուի ռիսկերը, որը և որոշ չափով զսպում է վարկերի կտրուկ աճը: Բանկերն իրականում միջոցների տեղաբաշխման խնդիր ունեն, քանի որ չեն կարողանում զտել այն հաճախորդներին, որոնց ֆինանսական ռիսկերը կարող են հաշվարկել: Այստեղ նույնիսկ տոկոսները այնքան մեծ դեր չեն խաղում. ճգնաժամի պայմաններում տոկոսային քաղաքականությունը, որպես կանոն, քիչ արդյունավետ է: Տոկոսադրույքը տվյալ դեպքում երկրորդային գործոն է, առաջնայինը վարկունակությունն է:
Անկման պայմաններում հաճախորդի ռիսկերը գնահատելը բավական բարդ է, սակայն Ամերիաբանկի փիլիսոփայության մեջ ներդրված է դեպի հաճախորդ ուղղվածությունը: Դա էլ մեզ թույլ է տվել ավելացնել մեր վարկային պորտֆելը, որն այժմ կազմում է ավելի քան Դ47 մլրդ՝ տարեսկզբի համեմատ աճելով 52%-ով: Գուցե ռիսկերի գնահատումն ավելի ծախսատար է, սակայն տվյալ պայմաններում այն արդարացված է:
- Մարտյան գործընթացների ազդեցությամբ Հայաստանում տեղի ունեցավ դոլարիզացիայի կտրուկ աճ: Հիմա ինչպե՞ս է իրավիճակը, կա՞ն ապադոլարացման միտումներ:
- Դոլարիզացիան կանգ է առել: Բայց առաջ է եկել երկրորդ ֆենոմենը՝ եվրոիզացիան: Ե՛վ ավանդների, և՛ վարկերի իմաստով պահանջ կա անցնել եվրոյի: Դեպի դրամ ուղղվածություն առայժմ չկա, սակայն կրկնում եմ՝ սա ավելի շուտ վստահության խնդիր է, որը վերականգնելու համար ժամանակ և ջանքեր են հարկավոր: Վստահ եմ, որ դա տեղի կունենա:
- Եթե հայ-թուրքական սահմանը բացվի, թուրքական բանկերի մուտքը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի բանկային համակարգի վրա:
- Հայաստանը ի սկզբանե որդեգրել է լիբերալ բանկային օրենսդրություն, որը ենթադրում է արտասահմանյան կապիտալի ներկայություն: Իհարկե, թուրքական բանկերը շատ ավելի փորձված են՝ աշխատելու անցումային շրջանում գտնվող երկրներում, օրինակ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում:
Թուրքական բանկերն աչքի են ընկնում ռիսկերին դիմագրավելու մեծ պատրաստվածությամբ, ռիսկ/շահութաբերություն համադրությունը նրանց համար շատ ավելի ընդունելի է, քան եվրոպական բանկերի մոտ: Այդ պատճառով, կարծում եմ, նրանք հետաքրքրված կլինեն հայկական ֆինանսական համակարգով:
Սակայն հայկական բանկերը նույնպես պոտենցիալ ունեն և չեն գտնվի միայն պաշտպանվողի դերում: Թուրքական բանկային օրենսդրությունը նույնպես շատ լիբերալ է, վերջին 10-15 տարում այնտեղ եվրոպականացման աննախադեպ գործընթացներ են տեղի ունեցել։ Սա թույլ է տալիս ասել, որ թուրքական ֆինանսական շուկան նույնպես կարող է հետաքրքրություն ներկայացնել հայկական բանկերի համար: Այստեղ խնդիրը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ճիշտ դիրքավորումը:
Կարծում եմ՝ մենք հիմա ճիշտ դիրքավորված ենք: Այսօր ներքին տնտեսությունում գոյացել է անհրաժեշտ կապիտալը, որը թույլ է տալիս մրցակցության սրման պայմաններում պահպանել մրցունակությունը: Այլ երկրներում, օրինակ, ազգային կապիտալի ձևավորումը եղել է խաթարված, ընդհանրապես բանկային համակարգում ազգային կապիտալ չի ձևավորվել:
Հայաստանում ձևավորվել են ընկերություններ, որոնք կապիտալ ունեն, սակայն մրցակցության պակասը չի դրդել տեխնոլոգիական ներդրումների իրականացմանը: Բայց այսօրվա՝ արդեն խորացող մրցակցությունը կարող է լավագույն խթան հանդիսանալ հայկական այդ ընկերությունների համար՝ վերազինվելու տեխնոլոգիական ժամանակակից միջոցներով, հատկապես եթե հաշվի առնվի կապիտալի կուտակման անցած էտապը:
Զրուցեց Սամվել Ավագյանը






