ՎՏԲ Հայաստան Բանկը նախատեսում է ցուցանիշների 15-20-տոկոսանոց աճ ապահովել 2010 թվականին, ասաց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։
2009 թվականի վերջի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 119 մլրդ դրամ՝ ավելանալով 20,7 տոկոսով, վարկային պորտֆելը՝ 73,6 տոկոսով՝ ավելանալով 3,9 տոկոսով, իսկ բանկի ընդհանուր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 24,5 տոկոսով և կազմել մոտ 94 մլրդ դրամ։ Միաժամանակ նախորդ տարվա արդյունքներով ընդհանուր կապիտալը կազմել է 25,1 մլրդ դրամ՝ ավելանալով 5,3 տոկոսով, իսկ մաքուր շահույթը կազմել է 900 մլն դրամ՝ կրճատվելով 69,7 տոկոսով։
«Մեր բիզնես-ծրագրում նախատեսված են թվեր, որոնք ցույց են տալիս մեր մասնաբաժնի ավելացումը բանկային գործունեության բազմաթիվ հատվածներում։ Մենք մեր ցուցանիշները շուկայից բարձր ենք դնում»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Սակայն, Օվսյաննիկովի խոսքերով, միաժամանակ պետք է նկատի առնել այդ նպատակին հասնելու բարդությունը, «քանի որ սկզբունքորեն մեր բանկը տարբերվում է Հայաստանում գործող բազմաթիվ բանկերից, մենք բավական լավ կապիտալիզացված ենք մեր ռիսկերի և մեր պահուստների հնարավորությունների տեսանկյունից»։
«Մյուս կողմից, ունենալով այնպիսի բաժնետեր, ինչպիսին է ռուսաստանյան ՎՏԲ բանկը, որը միշտ մեզ աջակցություն է ցուցաբերում և կցուցաբերի, մեր ֆինանսավորման հնարավորությունները մեծ են»,- պարզաբանեց նա։
Ինչպես նշեց Օվսյաննիկովը, ընդհանուր առմամբ, հայկական բանկերի կապիտալիզացիան և դրանց լիկվիդայնության վիճակը «բավական բարձր մակարդակի վրա են, ՎՏԲ Հայաստան Բանկը բացառություն չէ»։
«Մեր բիզնես-ծրագրում առկա բիզնես-ցուցանիշներին հասնելու հիմնական խնդիրը որակյալ վարկառուների հարցն է, նախևառաջ, կորպորատիվ հատվածում։ Ռիսկերն աճել են, բազմաթիվ միջոցառումներ, առաջին հերթին, արտահանմանն ուղղվածները, ոչ լավագույն ժամանակներն են ապրում»,- ավելացրեց նա։





