«Ամերիաբանկ»-ը կրկնապատկում է լիզինգային պորտֆելը:

«Ամերիաբանկ»-ից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա չորս ամսում ապահովել է ֆինանսական վարձակալության (լիզինգ) գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 100 տոկոսով:

«Ամերիաբանկ»-ը նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ եւ մինչեւ երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը:

Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի եւ լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբ՝ մշակել է ճկուն ու մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ակտիվորեն հանդես է գալիս ֆինանսական շուկայում: Բանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2009 թվականին աճել է 147 տոկոսով ու արդեն տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ:

Ընթացիկ տարվա չորս ամսվա արդյունքներով` այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35 տոկոսը` շինարարության, իսկ 20 տոկոսը` սննդի արդյունաբերության, առողջապահության, առեւտրի ու ծառայությունների ոլորտներին: Լիզինգային գործառնությունների իրականացման ընթացքում Բանկը գործընկերային հարաբերություններ է ձեւավորել միջազգային հեղինակություն վայելող խոշորագույն կազմակերպությունների հետ:

/Արմենպրես/

Թողնել կարծիք