/Ameriabank.am / Ամերիաբանկն (Ameriabank) իր հաջողության կարևոր գրավական համարելով առաջատար աշխատանքային թիմի ձևավորումը և թիմային աշխատանքի գաղափարը, ինչպես նաև հիմք ընդունելով իր ռազմավարական գործընկեր Տրոյկա Դիալոգ խմբից որդեգրած կադրային քաղաքականությունը` ստեղծել և պահպանել լավագույն աշխատանքային թիմ, շարունակում է հատուկ ուշադրության արժանացնել Բանկի անձնակազմին:
Ընթացիկ տարվա տնտեսական ճգնաժամը շատ գործարարների ստիպեց կրճատել աշխատատեղերը, նվազեցնել աշխատավարձերը, սակայն Ամերիաբանկն անկախ շուկայական անկայուն և բարդ իրավիճակից, դեռևս ապրիլ ամսին, համաձայն անձնակազմի աշխատանքի գնահատման համալիր մոտեցման համակարգի, ինչը ենթադրում է յուրաքանչյուր աշխատակցին ըստ իր անհատական ներդրման գնահատում, վճարեց տարեկան բոնուսներ և ամբողջ տարվա ընթացքում համալրեց իր անձնակազմը նոր, որակյալ աշխատակիցներով: Եթե տարվա սկզբին բանկի աշխատակիցների թվաքանակը կազմում էր ընդամենը 175 մարդ, ապա այժմ աշխատակիցների քանակը հասնում է 226-ի: Բացի այդ, մեկ տարվա ընթացքում 2 անգամ կատարվել է աշխատավարձի բարձրացում` յուրաքանչյուր անգամ միջին հաշվով 20 %-ի չափով:
Ընթացիկ տարում մի շարք աշխատակիցներ անցան աշխատանքային վերապատրաստումներ Հայաստանի հանրապետությունում և արտերկրում:
Բարձր գնահատելով և կարևորելով անձնակազմի խրախուսման և առանձնահատուկ հոգածության հարցը` տարեվերջին Բանկը աշխատակիցների համար սահմանեց մի շարք խանութներից և զվարճանքի վայրերից օգտվելու հատուկ զեղչային համակարգ:
Իսկ ամանորյա ամենամեծ անակնկալը եղավ առողջության բժշկական ապահովագրությունը, որից Բանկի աշխատակիցները կարող են օգտվել 2010թ. հունվարի 1-ից:
Ամերիաբանկի աշխատակիցների առողջության բժշկական ապահովագրությունն իրականացնելու է Առողջության ապահովագրման մրցույթում հաղթող ճանաչված “ՌոսԳոսՍտրախ” ԱՓԲԸ-ն:
Ամերիաբանկի կողմից իրականացվող աշխատակազմի ճիշտ մոտիվացումը, լավագույն թիմի ստեղծման և պահպանման առաջադիմական լծակների կիրառումը հնարավորություն է ստեղծում իրականություն դարձնելու “երազանքի թիմի”` գործին նվիրված, միմյանց աջակցող, մասնագիտացման անվերջ կատարելագործման ձգտող անձնակազմի ստեղծումը:
]]>